Կնոջ և տղամարդու դրախտային դիպվածը, եդեմական կիսատված երազը դեռ երկար ժամանակ շարունակելու է մնալ համասեռ գրականության մեկնության թեմա: Եվ որքան բարձր է գրողական օժտվածությունը, սիրո ու տառապանքի խաչաձուլվածքում դրախտի զույգ բնակիչների մեջ կենտ մեղավորին փնտրելու ցանկությունը անարժեք մանրադրամ է դառնում՝ Չգնվող երջանկության տուրևառության պարագային:
Լուսինե Աղաջանյանը գրականություն է գալիս եդեմից արտաքսված կնոջ կենսագրությամբ, բայց մարդկային փոխըմբռնումը զվարթ գիտության՝ պոեզիայի միջոցով հավերժերգելու առաքելությամբ.
Խռովե՞լ ես ինձնից, Գեղեցի՛կս, Արա՛ս,
Ու ինձ մեջք ես արել՝ խորը քնածի պես:
Նա գալիս է ոչ որպես երջանկության ճակատամարտի դասալիք, այլ՝ սահմանապահ: Նա չի խախտել սահմանը և սահման չի գծում՝ թեև սահմանապահի՝ իր իմացությամբ, զգացականությամբ ու սթափությամբ բառակերպում-ուրվագծում է երկրի անդրանիկ կենակիցների ներդաշն կողակցության Սիրատաճարը.
… Ես կարդացել եմ քո լուսաբացը,
Հորիզոններդ թերթել եմ լռի՜ն,
Բայց թաքցրել եմ այն, ինչ հայացք է,
Ինչ աչքում հարց է, պատասխա՜ն կոպին:
Նրա պոեզիան փախչողի շնչահատություն և արդարացողի կցկտուրություն չունի, նա ընտրում է երկխոսության լեզուն՝ թախծախնդումային շեշտադրումներով.
...Թե գալիս եք ինձ հետ, եկեք փորձենք հիմա՛,
Տակնուվրա անել, անե՛լ դեռ չարածը,
Խենթանալուն, ախր, քի՜չ է մնում:
Լուսինեն հավատարիմ է մեղսաչափի ընդհանրացման իր կնոջական ու պոետական եզակիությանը, և հիշեցնում է, որ առանձինների տառապանքը մենք-ի բացակայությունից է.
Մենք չ՛նք սիրել իրար, մենք բնա՛վ չենք սիրել,
Մենք ստել ենք անձայն, իսկ բարձրաձայն լռել:
Գրականությունը՝ համահավաք գույների խտացում է, այնպես, ինչպես անգույն չի լինում հոգին, կյանքը, սերը, մահը: Լուսինե Աղաջանյանի պոեզիան լուսնագույն երանգավորումով է, ուր իշխում է մութը, ստվերը, բայց կան աստեղային պայծառացումներ-պանծացումներ, որոնք լուսնի հետ բերում են ոչ միայն սիրո, մենության, կարոտի տառապանք ու ցավատանջություններ, այլև վերհուշի զվարթ լուսարձակումներ, սիրօրոր շղարշումներ՝ ԴՐԱԽՏԱՍԱՀՄԱՆ երազատեսությամբ.
Վայե՜լքն եմ սիրել, երբ քո աչքերը
Կուլ էին գնում գիշերվա մթնում,
Փակ աչքի լույսն է ճանապարհ հարթում
Դեպ ներդաշնությո՜ւն, դեպ դրախտ վերին:
Սիրո ժամանակավրեպության ու ստվերանցիկության մասին խոսողներին Լուսինեն պատասխանում է բանաստեղծի իմաստնությամբ ու հանդարտությամբ՝ գործածելով ոչ թե հականիշներ, այլ անցում-լուսացումների հոմանիշներ.
Սերն աչքեր ունի, ո՛չ տեսողություն,
Ավազն է թվում գետակի ալի,
Երբ սիրել գիտես, բանաստեղծում ես
Տողատակելով անտեսանելին:
Լուսինեն խոստովանում է պարտությունը, բայց գիտե դրա պատճառը, և, ուրեմն, նա անպայման գնալու է հաղթանակի հետևից՝ Դրախտի սահմանագծով՝ սիրերգության չխռպոտող ձայնով ու անմեղադրական տոնով.
Մենք երկուսս էլ պարտվել ու հաղթել ենք իրար,
Երբ տիրել ենք իրար, հետո նիրհել անտեր:
Այս ամենով, ինչ խոսք, ամբողջապես չի բովանդակվում և հատկանշվում Լուսինե Աղաջանյանի գրականությունը, հատկապես, որ նրա պոեզիան (ի դեպ, նաև՝ արձակը) ոչ թե տառապողի, այլ տառապանքի ականատեսի ներումնահայց, զվարթախոս գիր է՝ Կնոջ ու Տղամարդու հարաբերությունները Ներդաշնակության աստվածային նախաստեղծ տիրույթ տեղափոխելու մտադրությամբ: Տառապյալի, մերժվածի գիրը որքան անկեղծ ու սրտամոտ, այդուհանդերձ՝ ձանձրացնող է: Լուսինեն մերժում է հենց տարաբախտի հազարատարիք ցավախտանիշը և հաստատում սիրաապրումի նորածին մոգականությունը՝ դրա հավերժական կազդույր-կենսականությամբ: Լուսինեն չի՛ հիշեցնում, հիշում է, Լուսինեն չի՛ խրատում, խոստովանում է, Լուսինեն չի խոսում անմահության մասին, բայց չի էլ վախենում մեռնելուց, որովհետև դրանից առաջ Պարտադիր է ապրելը, չէ՛, ապրու՛մն է անխուսափ: Եվ նա չի սովորեցնում քայլել, այլ ուղեկցում է համաքայլ, հարկ եղած դեպքում, հանուն ավետյաց ափին հասնելու՝ չերկնչելով՝ առաջնորդել՝
...դեպի ճախրանքներիս կղզին,
Ուր արթո՛ւն են ապրում, չիմանալով նինջը:
Արա ԱԼՈՅԱՆ
Երաժիշտ, բանաստեղծ, հրապարակախոս